
Երևանում մեկնարկել է «Մեր ձևով» շարժման հանրահավաքը՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Երևանում, Ազատության հրապարակում հոկտեմբերի 18-ին մեկնարկել է «Մեր ձևով» շարժման հանրահավաքը, որը կազմակերպվել է ի աջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի և այլ քաղբանտարկյալների: Մարդիկ մայրաքաղաքի տարբեր հատվածներից երթով հասել են հրապարակ, իրենց հետ ունենալով ցուցապաստառներ կալանավորվածների անուններով:
Հանրահավաքին մասնակցում են քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, հասարակական ակտիվ գործիչներ: Հավաքվածներին օրհնեց Հովնան սրբազանը, և հնչեց համընդհանուր աղոթք:
Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ «այսօր «Մեր ձևով» շարժումը սկսում է երրորդ շարժումը՝ Հայաստանի վատ շրջանի ավարտի շարժումը և վերակառուցման շարժումը»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հակակոռուպցիոն դատարանը 30 օրով երկարաձգեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնեց, որ դատարանը չնայած ազատ չի արձակել Կարապետյանին, սակայն շեշտադրել է, որ նրան վերագրվող՝ հարկեր չվճարելու և փողերի լվացման հոդվածներով մեղադրանքը չի հատել կասկածի շեմը, ինչը նշանակում է՝ դատավորն այս երկու հոդվածներով մեղադրանքը հաստատելու կասկածներ չի հայտնաբերել:
Կարապետյանը մեղադրվում է նաև իշխանության զավթման հրապարակային կոչերի մեջ, հարկեր և տուրքեր չվճարելու և փողերի լվացման համար: Հանրահավաքը շարունակվում է, և մասնակցողներն իրենց աջակցությունն են հայտնում կալանավորված անձանց: