ՀայաստանՔաղաքականություն

Գերիների թեման օրակարգում է․ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են ուղիղ շփումները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցով առաջիկայում հնարավոր է ունենալ դրական նորություններ։

ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսում Միրզոյանը հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին Շարմ Էլ Շեյխում կայացած Մերձավոր Արևելքի «Խաղաղության գագաթնաժողովի» շրջանակում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ քննարկվել է գերիների վերադարձի թեման։

Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է արդյոք գերիների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ այլ երկրների կամ միջազգային կառույցների միջոցով, Միրզոյանը պատասխանել է, որ թեև այդ ուղիներն էլ կարևոր են, սակայն այժմ առաջնայինը Հայաստան–Ադրբեջան ուղիղ շփումներն են։

Ադրբեջանական կողմը ևս հաստատել է, որ գերիների և անհետ կորած անձանց հարցով շփումները շարունակվում են։ Ադրբեջանի պետական հանձնաժողովի նախագահը Բաքվում կայացած «Անհայտ կորած անձանց հարցի լուծման համար ջանքերի միավորում և համագործակցության ընդլայնում» միջազգային համաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև փետրվարին Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան պետական ​​հանձնաժողովների միջև կայացած առաջին հանդիպումը և հետագա շփումները, նոր հույսեր են ներշնչում այս առումով։

Ադրբեջանում այս պահին պահվում է 23 հաստատված հայ գերի և պատանդ։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հրապարակած պաշտոնապես հաստատված ցուցակում ընդգրկված են 6 քաղաքացիական գերի, 9 ռազմագերի և 8 քաղաքական բանտարկյալ։ Սակայն հարկ է նշել նաև, որ 2020-2023 թվականների ադրբեջանական ագրեսիաների հետևանքով Հայաստանը և Արցախը ունեն շուրջ 80 անհետ կորած անձինք, որոնց գերեվարման փաստը ապացուցված է, սակայն Ադրբեջանը հրաժարվում է հաստատել նրանց գտնվելու վայրը։ Բացի այդ, ավելի քան 200 մարդ համարվում է անհայտ կորած, սակայն նրանց թվի շուրջ տարբեր կառույցներ և կազմակերպություններ ներկայացնում են տարբեր տվյալներ։