Ֆրանսիացի մի խումբ գործիչներ Ֆրանսիային կոչ են արել բոյկոտել COP-29 համաժողովը
Շուրջ երեք տասնյակ ֆրանսիացի գործիչներ հավաքական ուղերձ են հրապարակել՝ Ֆրանսիայի կառավարությանը կոչ անելով բոյկոտել Բաքվում կայանալիք COP-29 համաժողովը։ Այս մասին գրել է Le Figaro պարբերականը։ Նրանք բողոքում են Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների, օտարերկրյա քաղաքացիների ճնշումների, ինչպես նաև վերջին տարիներին Արցախում ադրբեջանական գործողությունների դեմ, որոնք հանգեցրել են հայ բնակչության բռնի տեղահանմանը:
Խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից արդեն դատապարտված այս համաժողովի անցկացումը չպետք է նպաստի Ադրբեջանի ավտոկրատ և կոռումպացված ռեժիմի օրինականացմանը կամ խրախուսի նրա ծավալապաշտական ու ապակայունացնող հավակնությունները։ Միջազգային այս կարևոր իրադարձության մոտենալով՝ Ադրբեջանի իշխանությունները միայն ուժեղացնում են ռեպրեսիաները ներքին ընդդիմության նկատմամբ և նոր սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի դեմ, — ասված է ուղերձի մեջ։
Նախաձեռնությունը գլխավորում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Գործիչները նշել են, որ Ադրբեջանը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի բոլոր կետերը, 2023 թվականին էլ էթնիկ զտումներ իրականացրել Արցախում։
Կարելի՞ է արդյոք խոսել բնապահպանական խնդիրների մասին՝ անտեսելով տասնյակ քաղբանտարկյալների, այդ թվում՝ հայ բարերար Ռուբեն Վարդնյանի և մյուս 22 հայ գերիների ազատման կոչերը, որոնք խոշտանգումների են ենթարկվում համաժողովի անցմացման վայրից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա։ Այս ուղերձը ստորագրողները կարծում են՝ ո՛չ։
Ֆրանսիայի կառավարությունը որոշել է Ադրբեջանում կայանալիք COP-29 բնապահպանական համաժողովին ուղարկել բնապահպանության նախարար Անյես Պանիե-Ռունաշեին։ Գործիչները նաև անդրադարձել են Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացիների անհիմն ձերբակալություններին։
