Իսրայելն ու «Հըզբոլլահը» լայնածավալ հարձակումներ են իրականացնում
Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ ավիահարվածներ է հասցնում Լիբանանին։ Հարվածները «Հըզբոլլահի» հրթիռային կայանների և այլ վայրերի ուղղությամբ են, սրա մասին հայտնում է The times of Israel-ը։
Ըստ իսրայելական բանակի՝ գիշերվա ընթացքում Լիբանանից հրթիռներ են արձակվել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ, որոնց մեծամասնությունը որսացել են։
Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածներով ոչնչացրել է «մոտ 180 տեղամաս»։
Al Jazeera-ն գրում է, որ Իսրայելը շաբաթ օրը 400 հարձակում է իրականացրել Լիբանանի վրա, իսկ «Հըզբոլլահը» հրթիռներ է արձակել Հայֆա քաղաքի մոտ գտնվող «Ռամաթ Դեյվիդ» բազայի ուղղությամբ, որը Գազայի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր ամենամեծ փոխհրաձգությունն է։ Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդում են, որ մեկ մարդ վիրավորվել է «Ռամաթ Դեյվիդին» ուղղված հարձակման հետևանքով, ևս երեքը վիրավորվել են Քիրյաթ Բիալիկում ավելի ուշ հարձակումների ժամանակ:
Wafa լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը (ԿԿՄԿ) իսրայելական ռմբակոծություններից հետո Գազայի հարավում գտնվող Ռաֆահից արևելք ընկած ալ-Աթաթիրահ շրջանից դուրս է բերել չորս զոհերի մարմիններ։
Խան Յունիսից արևելք գտնվող Խուզաա քաղաքում հրետանային արկերի թիրախ դառնալուց ևս երկու մարդ է զոհվել։
Լիբանանի առողջապահության նախարարությունն էլ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ուրբաթ օրը Բեյրութի հարավում Իսրայելի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի: Լիբանանի մայրաքաղաքի Դահիյա թաղամասում վիրավորվել է ավելի քան 60 մարդ:
Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիսը զգուշացրել է, որ տարածաշրջանը գտնվում է պատերազմի շեմին, որը կհանգեցնի «աղետի»:
Չկա ռազմական լուծում, որը կողմերից որևէ մեկին ավելի անվտանգ կդարձնի, — ասել է նա ՄԱԿ-ի կողմից հրապարակված կարճ հայտարարության մեջ: