ԱրցախՀայաստանՔաղաքականություն

Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Ստեփանակերտի բնակիչ Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու համար։ Նա 2018-2023 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արցախում։ Ըստ այդմ՝ տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել դեռևս ինքնությունը չպարզված՝ օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի հետ։ «Սարխան» ծածկանվամբ, որը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «լեռան տիրակալ», ստացել է լրտեսություն կատարելու հանձնարարություններ։

Այնուհետև, «Whatsapp» և այլ բջջային հավելվածների՝ նամակագրության, զանգերի միջոցով՝ օտարերկրացի ծառայողին է հանձնել տարբեր տեղեկություններ՝ սկսած Արցախի բնակչության, կառավարության տրամադրությունների մասին տեղեկություններից, մինչև ռազմական թեմաների մանրամասներ։

2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո Սարգիս Գալստյանը կնոջ հետ մնացել է Ստեփանակերտում և շարունակել հանցավոր գործունեությունը։

Գարնանը Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը անմիջապես կալանավորվել էր։ Նա մեղադրանքը չի ընդունել, թեև ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, թե Ադրբեջանի օգտին լրտեսություն է արել, ապա հրաժարվել ցուցմունքից։