ԱշխարհՔաղաքականություն

Վրաստանը կդադարեցնի Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները

Նոյեմբերի 28-ին իրավիճակը Վրաստանում ավելի է սրվել։ Պատճառը Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն էր։ Նա հայտարարել է, որ երկիրը մինչև 2028 թվականի վերջը կդադարեցնի Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները և կհրաժարվի նրանց կողմից ցանկացած բյուջետային դրամաշնորհից։ Դրան նախորդել էր Եվրախորհրդարանի կողմից հրապարակված որոշումը, ըստ որի՝ կոչ էր արվում Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ «միջազգային վերահսկղության ներքո»։ Այդ կերպ, փաստորեն, Եվրախորհրդարանը չի ընդունում Վրաստանի ընտրությունները։

Եվրամիության անդամակցությունից հրաժարվելու՝ Կոբախիձեի հայտարարությունից հետո հազարավոր ցուցարարներ փակել են մայրաքաղաքի փողոցները։ Մի շարք քաղաքներում սկսվել են զանգվածային ցույցեր։ Տարբեր տեղերում բախումներ են եղել ցուցարարների և ուժայինների միջև։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ մեկ ոստիկան վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Բողոքի ակցիաները Վրաստանում սկսվել են հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Նախագահ Զուրաբիշվիլին ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրել է ռուսական իշխանություններին հարելու համար։