
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցությունից։ Այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ։ Այն վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Աղազարյանին հեռացնելու հաղորդագրության մեջ ասված է, որ «Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։
Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու խոսակցությունները սկսվեցին հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստից հետո, երբ Աղազարյանը դիտողություն արեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին։ Վերջինս ցանկացավ իմանալ, թե ինչու են առնվազն երկու անգամ իրեն դիմել Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։
Հոկտեմբերի 28-ին Քյարամյանի հայտարարությունների հիման վրա քրեական վարույթ նախաձեռնվեց։ Արդեն նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ պատմեց, որ խնդրել է պատգամավորական մանդատը վայր դնել Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին։ Զեյնալյանը հետևել էր վարչապետի խնդրանքին, Աղազարյանը՝ ոչ։
Պատգամավորը նշել էր, որ մանդատը վայր չի դնի` դա որակելով որպես իր կյանքի ծանրագույն որոշում։