
Մենք մեզ ՀԱՊԿ-ից դուրս ենք համարում․ Փաշինյան
Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին՝ նշելով, որ դրանք հատել են անդառնալիության կետը։
Իրադրությունների տարբերությունն ու դրա հրապարակային փոխադարձ արտահայտումն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք՝ անհնար է դարձնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ։ Այստեղ անդառնալիության կետն արդեն անցել ենք։ Մենք մեզ ՀԱՊԿ-ից դուրս ենք համարում, ինչ ուզում են թող որոշեն։
Դեկտեմբերի 4-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը նշել էր, որ Հայաստանի բացակայությունը ՀԱՊԿ աշխատանքներում չի ազդում դրանց արդյունավետության վրա, սակայն հավելել է, որ Հայաստանը իրենց դաշնակիցն է և իրենց բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պահպանվում են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ սեպտեմբերին՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։