Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

Մարտի 3-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Կողմերը կարևորել են լարվածության խաղաղ կարգավորումը՝ ընդգծելով դիվանագիտությանը առաջնահերթություն տալու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում բարձր է գնահատվել Օմանի կողմից գործադրվող միջնորդական և դիվանագիտական ջանքերի դերը։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանի և ԱՄԷ-ի իշխանություններին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ընթացակարգերի դյուրացման հարցում ցուցաբերված աջակցության համար։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստանի կողմից, անհրաժեշտության դեպքում, աջակցություն ցուցաբերել Օմանի քաղաքացիների տեղափոխման գործընթացում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-օմանյան երկկողմ օրակարգի ընդլայնմանը միտված քայլերին։ Նախարարները ընդգծել են առկա ներուժի առավել արդյունավետ իրացման կարևորությունը՝ նշելով, որ Մասկատում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն բացելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության խորացման համար։

Մարինա Գրիգորյան