ՀայաստանՔաղաքականություն

ՀԷՑ-ում կրկին պաշտոնանկություններ են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ ընկերության ևս 5 աշխատակից է ազատվել աշխատանքից մարզային բնակավայրերից մեկում վթարային անջատման պատճառով: Վթարը տևել է ավելի քան 6 ժամ։ Պետրոսյանի խոսքով՝ հերթապահ կարգավարը չի կատարել պատշաճ գրանցում և անմիջապես չի զեկուցել կենտրոնական կարգավարական ծառայությանը:

Վթարի ուշ հայտնաբերման պատճառով վերականգնողական աշխատանքների վրա սահմանվել է լրացուցիչ հսկողություն, և երկու ժամ անց էլեկտրամատակարարումը վերականգնվել է: Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո աշխատանքից ազատվել են մասնաճյուղի տնօրենի տեղակալ՝ գլխավոր ճարտարագետը, օպերատիվ կարգավարական ծառայության պետը, հերթապահ ավագ կարգավարը, մասնաճյուղի էլցանցերից մեկի պետը և այդ էլցանցի պետի տեղակալ՝ գլխավոր ճարտարագետը:

Ավելի վաղ Կենտրոն վարչական շրջանում տեղի ունեցած վթարի պատճառով Բարձրավոլտ ցանցերի սպասարկման ծառայության պետ Թ.Վ.-ն ևս ազատվել էր աշխատանքից:

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պերոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ հուլիսին, երբ Ազգային ժողովը ընդունեց ընկերության պետականացման օրենքները: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի խոսքով՝ Ռոմանոս Պետրոսյանի ղեկավար նշանակվելուց հետո ընկերությունից հեռացվել է շուրջ 45-50 աշխատակից։ Ղազինյանը նշել է, որ հեռացվածների թվում մեծամասամբ ղեկավար պաշտոնյաներ են։ 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ում աշխատող այն անձինք, որոնք չեն համագործակցում պետության հետ կամ զբաղված են «քաղաքական խարդավանքներով», հուլիսին կազատվեն աշխատանքից