ԱշխարհՔաղաքականություն

Աշխարհի արձագանքը Սիրիայում տեղի ունեցածից հետո

Սիրիական ընդդիմության մարտիկները հայտարարել են, որ երկիրը «ազատագրվել է», իսկ դրանից հետո նախագահ Բաշար ալ-Ասադը փախել է մայրաքաղաքից անհայտ ուղղությամբ: Նշվում է, որ նրա ինքնաթիռը կորել է ռադարների ուշադրությունից։

2000 թվականից սկսած Սիրիան նախագահում է Հաֆեզ Ալ-Ասադի որդին՝ Բաշար Ալ-Ասադը։ 2011 թվականին Սիրիայում սկսված ապստամբություններից հետո Ասադի կառավարությունը կոշտ միջոցներ ձեռնարկեց՝ ճնշելու բողոքի ցույցերը, որոնք վերածվեցին քաղաքացիական պատերազմի։

Ասադի ռեժիմը ստացավ Ռուսաստանի և Իրանի աջակցությունը, ինչը մեծ ազդեցություն ունեցավ նրա իշխանությունը պահելու գործում։ Միաժամանակ Արևմուտքը և մի շարք այլ երկրներ մեղադրեցին Ասադի կառավարությանը մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ, ներառյալ քիմիական զենքի կիրառումը։

13 տարվա պատերազմից հետո վերջ դրվեց ալ-Ասադների ընտանիքի ավելի քան կեսդարյա կառավարմանը: Աշխարհի մի շարք երկրներ արձագանքել են այս իրադարձությանը։

Չինաստանի ԱԳՆ․ «Ուշադրությամբ հետևում ենք Սիրիայում իրավիճակի զարգացմանը։ Հուսով ենք, որ Սիրիան հնարավորինս շուտ կվերադառնա կայունության»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն․ «Բարբարոս պետությունն ընկել է։ Վերջապես»։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց․ «Բաշար ալ-Ասադը դաժանորեն ճնշեց իր ժողովրդին։ Նա իր խղճի վրա անհամար կյանքեր ունի, ում դեմ դաժան է վարվել»։

Ռուսաստան․ «Ասադի և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հակամարտության մի շարք մասնակիցների միջև բանակցությունների արդյունքում նա որոշում է կայացրել հրաժարական տալ նախագահական պաշտոնից և լքել երկիրը՝ ցուցումներ տալով շարունակել իշխանափոխությունը խաղաղ ճանապարհով։ Ռուսաստանը չի մասնակցել այդ բանակցություններին»։

Թուրքիա․ «Նոր Սիրիան չպետք է վտանգ ներկայացնի հարևանների համար, այն պետք է վերացնի սպառնալիքները»։

ԱՄՆ․ «Նախագահ Ջո Բայդենը և նրա թիմը ուշադիր հետևում են Սիրիայում տեղի ունեցող արտասովոր իրադարձություններին և մշտական ​​կապի մեջ են տարածաշրջանային գործընկերների հետ»։