ՀայաստանՔաղաքականություն

Գյումրիում մեկնարկեց եռօրյա փրայմրիզը

Դեկտեմբերի 8-ին Գյումրիում մեկնարկեց եռօրյա փրայմրիզը։ Դրա արդյունքներով կորոշվի, թե 7 թեկնածուներից ով կնշանակվի քաղաքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Նախնական ընտրություններին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, վարչապետի տիկնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ, նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը։

Շրջիկ խմբերը թակում են գյումրեցիների դռները ու առաջարկում քվեարկել վերոնշյալ թեկնածուներից մեկի օգտին։

Արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին, որի արդյունքում ՔՊ վարչությունը կհայտարարի թեկնածուի անունը։ Մինչ այդ, սակայն, խորհրդարանը դեռ պետք է երկրորդ ընթերցմամբ ընդունի Տեղական ինքնակառավարման մասին օրենքի փոփոխությունը, որը վարչապետին լիազորություն կտա նշանակում կատարելու այդ պաշտոնում, ինչը հիմա օրենքն արգելում է։