
Ռազմագերիների հարցով ԵԽԽՎ-ն հնարավոր ամեն ինչ արել է, սակայն Հայաստանը Բաքվում դեռ ռազմագերիներ ունի
Դեկտեմբերի 9-ին Երևանում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը։ Դրա շրջանակում Հայաստան է ժամանել նաև ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ռազմագերիների հետ կապված հարցում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հնարավոր ամեն ինչ արել է։
Այն բանաձևերը, որոնք ընդունվել են ԵԽԽՎ-ում, հստակորեն անդրադարձել են ռազմագերիների և նրանց անհապաղ հայադարձման խնդրին, այսինքն՝ պահանջել ԵԽԽՎ-ից ինչ-որ մի բան ավել անել, մենք չենք կարող, որովհետև, ըստ էության, այն բոլոր օրակարգային հարցերը՝ կապված ռազմագերիների հետ, որոնք բարձրացրել են, ստացել են իրենց համապատասխան լուծումները։
Բաքվում, պաշտոնական տվյալներով, 23 հայ ռազմագերի է պահվում, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը սեպտեմբերի հայտարարել էր, որ Բաքվում պահվում են 8 բարձրաստիճան պաշտոնյա, 10 զինծառայող և 5 քաղաքացիական անձ։
Սեպտեմբերի սկզբին Բաքուն հայտարարել էլ, որ Արցախի նախկին պաշտոնյաները շուտով կկանգնեն դատարանի առջև։ Բոլորը մեղադրվում են ծանր հանցանքների մեջ՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում ու ֆինանսավորում: Եթե դատարանն այդ մեղադրանքները հաստատի, նրանց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։