ՀայաստանՔաղաքականություն

Եղիշե Կիրակոսյանը Բաքվի դեմ հայցերից հրաժարվելու միտում չի տեսնում

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միտում չի տեսնում, որ Երևանը պատրաստվում է միջազգային դատական ատյաններից հետ կանչել Բաքվի դեմ հայցերը։ Սրա մասին Կիրակոսյանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում` նշելով, որ այս պահի դրությամբ նոր հայց չունի Հայաստանը, և բոլոր ընթացակարգերը շարունակվում են:

Կիրակոսյանը անդրադարձել է հայ գերիների վերադարձի հնարավորությունը։ Ըստ Կիրակոսյանի՝ Երևանը որոշ ժամանակ առաջ նման պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան և ՄԻԵԴ, սակայն երկու միջազգային դատարաններն էլ համարել են, որ հարցերն իրենց իրավասությունից դուրս են։ Կիրակոսյանի կարծիքով՝ գերիների վերադարձի հարցի լուծումը քաղաքական հարթության մեջ է։

Բաքվում, պաշտոնական տվյալներով, 23 հայ ռազմագերի է պահվում, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը սեպտեմբերի հայտարարել էր, որ Բաքվում պահվում են 8 բարձրաստիճան պաշտոնյա, 10 զինծառայող և 5 քաղաքացիական անձ։

Սեպտեմբերի սկզբին Բաքուն հայտարարել էլ, որ Արցախի նախկին պաշտոնյաները շուտով կկանգնեն դատարանի առջև։ Բոլորը մեղադրվում են ծանր հանցանքների մեջ՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում ու ֆինանսավորում: Եթե դատարանն այդ մեղադրանքները հաստատի, նրանց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։