ՀայաստանՔաղաքականություն

Մեծ Բրիտանիան վերացնում է Հայաստանին և Ադրբեջանին զենքի վաճառքի արգելքը

Մեծ Բրիտանիան պաշտոնապես չեղարկել է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգոն։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին։

Ըստ բրիտանացի պաշտոնյայի՝ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը և Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքները։ Դաութին նշել է, որ ԵԱՀԿ-ի կողմից 1992 թվականին սահմանված էմբարգոյի հիմնավորումները՝ կապված Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների հետ, այսօր այլևս չեն գործում։

Պաշտոնյայի խոսքով՝ այս քայլը հնարավորություն կտա խորացնել Լոնդոնի հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ՝ դրանք հասցնելով ռազմավարական գործընկերության մակարդակի։ Ըստ նրա՝ Միացյալ Թագավորությունը աջակցում է երկու երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ հիբրիդային և ոչ պետական սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ։

Միաժամանակ, պետնախարարը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտահանման ու առևտրի լիցենզիաների յուրաքանչյուր դիմում կգնահատվի առանձին՝ Մեծ Բրիտանիայի ռազմավարական արտահանման չափանիշներին համապատասխան։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Սթիվեն Դաութին գլխավորած բրիտանական պատվիրակությունը այցելել էր Հայաստան։ Կողմերը համաձայնել էին բարձրացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի։

Հարկ է նշել նաև, որ Մեծ Բրիտանիան դեռ 2023 թվականին կատարել էր փոփոխություններ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ գործող զենքի մատակարարման էմբարգոյի վերաբերյալ իր քաղաքականության մեջ՝ հստակեցնելով մի շարք դրույթներ։

Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման հարցերի նախարարությունը, ինչպես նաև Արտահանման վերահսկման միացյալ վարչությունը թարմացրել էին ուղեցույցը՝ նշելով, որ ռազմական սարքավորումների ցանկում ներառված ապրանքների մատակարարումը մարդասիրական, խաղաղապահ, հետազոտական կամ լրատվական կազմակերպություններին չի համարվի էմբարգոյի ենթակա, եթե չկա որևէ պետության զինված ուժերի, ոստիկանության կամ անվտանգության ուժերի նկատմամբ դիվերսիայի վտանգ։