ՀայաստանՔաղաքականություն

Շիրակի մարզպետը հրաժարական է տվել

Դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ 2018 թվականից ի վեր Շիրակի մարզում ընդհանուր առմամբ 5 մարզպետ է փոխվել։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մուրադյանին՝ մարզպետի պաշտոնում կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել՝ հետագա համագործակցության հույսով և հեռանկարով։

Հեռացման պատճառների մասին չի խոսվում։ Այնուամենայնիվ՝ նոյեմբերի 28-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խիստ նկատողություն էր տվել Մուրադյանին և գեներալ Գրիգորյանին՝ Շիրակի մարզի դպրոցներից մեկի դասասենյակը վերջինիս անունով կոչելու համար։

Մուրադյանը Շիրակի մարզպետ է նշանակվել 2023 թվականի հունվարի 23-ից՝ փոխարինելով Նազելի Բաղդասարյանին։

Մամուլում շրջանառվում են նորություններն այն մասին, որ Շիրակի մարզպետի պաշտոնում կարող է նշանակվել Դավիթ Առուշանյանը։ Վերջինս մասնակցել էր նաև քաղաքապետի ընտրությունների համար նախատեսված փրայմըրիզին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։