
Ֆրանսիան նոր վարչապետ ունի
Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել «Ժողովրդավարական շարժում» կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նրան հանձնարարել է կառավարություն ձևավորել։ Սրա մասին հայտնել են Ելիսեյան պալատից:
Ֆրանսիայի նոր վարչապետը 73 տարեկան է։ Նա Մակրոնի կողմնակիցն է երկար տարիներ։
1993-1997 թվականներին Բայրուն եղել է կրթության նախարար։ 2017 թվականին կարճ ժամանակով գլխավորել է արդարադատության նախարարությունը։ Առաջադրվել է որպես թեկնածու 2002, 2007 և 2012 թվականների նախագահի ընտրություններում։ Նրա կուսակցությունը մաս է կազմում «Միասին» քաղաքական կոալիցիային։
Ֆրանսիայի Ազգային ժողովն անվստահություն էր հայտնել Միշել Բարնիեի կառավարությանը։ Անվստահություն հայտնելուն կողմ էր քվեարկել 574 պատգամավորից 331-ը։ Միշել Բարնիեին անվստահություն են հայտնել այն պատճառով, որ նա հաստատել էր հաջորդ տարվա բյուջեն՝ առանց խորհրդարանում քվեարկության։ Դեկտեմբերի 5-ին նախագահությունը հայտնել էր, որ Բարնիեն հրաժարական է տվել իր պաշտոնից։