
Հայաստանը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, բայց ճանաչում է Կոսովոյի անձնագրերը
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը: Բացի անձնագրերից՝ Հայաստանը ճանաչել է Կոսովոյի նաև համաքաղաքացիական, դիվանագիտական և ծառայողական անձնագրերը։ Սրա մասին X-ի էջում հայտնում է Կոսովոյի արտաքին գործերի և սփյուռքի նախարարի տեղակալ Կրեշնիկ Ահմետին։
Հայաստանը դեռ չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Չնայած դրան՝ կողմերի միջև առկա է երկխոսություն տարբեր մակարդակներում և հարթակներում: Մասնավորապես` պարբերական են ԱԳ նախարարների հանդիպումները ինչպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, այնպես էլ այլ շրջանակներում։
Կոսովոն մասամբ ճանաչված պետություն է Հարավարևելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզում՝ Կոսովո աշխարհագրական տարածաշրջանում։
Համաձայն Սերբիայի Հանրապետության Սահմանադրության՝ Կոսովոյի տարածքը Սերբիայի մաս է և մտնում է նրա կազմի մեջ որպես Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար երկրամաս, սակայն, փաստացիորեն, Կոսովոն չի գտնվում Սերբիայի Կառավարության վերահսկման տակ։ Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ մասն էլ չի ենթարկվում Պրիշտինային:
2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոն միակողմանի հռչակել է իր անկախությունը, հետո ընդունել երկրի Սահմանադրությունը։ Այն ուժի մեջ է մտել 2008 թվականի հունիսի 15-ին։