Վրաստանը պատրաստակամ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
«Թբիլիսիում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը»,- հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ փոխադարձ բարձր մակարդակի այցերի ինտենսիվ բնույթը վկայում է երկու երկրների կառավարությունների շահագրգռվածությունը ընդլայնելու և ամրապնդելու բազմակողմ համագործակցությունը։ Վարչապետն անդրադարձել է Հայաստանի կողմից Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության շահագրգռվածությանը։
Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը միտված քայլերը` ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերի ուղղությամբ, ինչը կնպաստի նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։
Գարնանը, Վրաստանի վարչապետը աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Իսկ ավելի վաղ՝ հունվարին Թբիլիսում երկու երկրների միջև Ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիր էր ստորագրվել։