ՀայաստանՔաղաքականություն

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալվել է. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով։ Նա ձերբակալված է։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն։

ՔԿ-ի տվյալներով՝ երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում առգրավվել են փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, առանձնապես խոշոր գումար, ոսկյա ու արծաթյա զարդեր, վառելիքի կտրոններ և այլ իրեր։

Սրբազանից բացի, հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև երկու այլ անձի՝ Ա.Ա.–ի և Ն.Ա.–ի նկատմամբ։ Նրանք ևս ձերբակալվել են։ Ըստ ՔԿ-ի՝ Ա.Ա.–ին մեղադրանք է առաջադրվել հավաքներին մասնակցելու հարկադրանքի կամ խոչընդոտման գործով (հոդված 46-236, մաս 3), իսկ Ն.Ա.–ին՝ վստահված գույքը խոշոր չափերով հափշտակելու համար (հոդված 256, մաս 2, կետեր 2 և 3)։

ՔԿ-ի հաղորդագրությունից, սակայն, պարզ չէ՝ ձերբակալվածներն առաջնորդարանի աշխատակիցներ են, թե հոգևորականներ։ Ըստ Amnews-ի տվյալների՝ նրանցից մեկը առաջնորդարանի դիվանապետն է, մյուսը՝ գլխավոր հաշվապահը։

Ավելի վաղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր, որ առաջնորդից բացի, բերման են ենթարկվել 12 քահանաներ, ինչպես նաև առաջնորդարանի մի քանի աշխատակիցներ։ Բերման ենթարկվածների թվում են Տեր Փառեն, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Մանուկ, Տեր Ղևոնդ, Տեր Սարգիս, Տեր Գարեգին, Տեր Նարեկ, Տեր Օշին, Տեր Վրթանես և Տեր Համբարձում քահանաները։

Հիշեցնենք, որ քրեական վարույթը հարուցվել է Հովհաննավանքի Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությունների հիման վրա։ Վերջինս Հանրային հեռուստատեսության եթերում ասել էր, որ ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցել է թեմի առաջնորդի՝ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հրահանգով։ Դրանից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով ստուգել քահանայի խոսքերը։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն հանոց կաթողիկոս Գարեգի Բ–ի քրոջ որդին է։