
Փաշինյանի՝ բանավիճելու առաջարկը երեք նախագահները մերժել են
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 23-ին գրառում էր կատարել։ Վարչապետը նշել էր, որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ–ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Դրանից հետո Փաշինյանը Հայաստանի նախկին նախագահներին` Լևոն Տեր–Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, բանավեճի էր հրավիրել` հիմնավորելու իր ասածները։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարկում էր կատարել։
Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը։ Արդյունքը կրկին նույնն է լինելու:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը ևս պատասխանել է Փաշինյանի առաջարկին։
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից էլ հայտնել են, որ ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է։
Ինչպես մինչև իշխանազավթումը, այնպես էլ դրանից հետո հազար անգամ հրապարակային, հանգամանորեն ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը: Առավել ևս, երբ Հայաստանի կառավարիչն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար: Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009–2013 թթ. հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը։
Փաշինյանն իր հրապարակած տեսանյութում նախկին նախագահներին կոչ էր արել ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին, որովհետև եզրակացությունն ի վերջո տեղի է ունենալու՝ հավելելով, որ ինքը չի կարող թույլ տալ, որ այս խոսակցությունը, որը շարունակվում է 4+2 տարի, կիսատ մնա։
Փաշինյանն իր տեսանյութում ասում էր, որ վճռական է և այդ խոսակցությունը տանելու է մինչև վերջ, իսկ թե ինչ ֆորմատով, դրա մասին չասաց։ Վարչապետն ասել է, որ ընտրում է ազնիվ ճանապարհ նախկին նախագահների հետ՝ դեմ դիմաց, առերես կանգնելու և խոսելու։ Նա առաջարկել է ընդունել սա, հակառակ դեպքում հետևությունները կմնան ժողովրդին և ինքը ժողովրդին կօգնի այդ հետևությունները անելու գործում։