
Մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները Հայաստանը կունենա Սահմանադրության նոր տեքստ
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ նախարարության նպատակն է մինչև 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ունենալ Սահմանադրության նոր տեքստ։
Խաղաղության պայմանագրի շրջանակներում հաճախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե խաղաղության պայմանագիր կկնքվի այն դեպքում, երբ Հայաստանը նոր Սահմանադրություն կընդունի, քանի որ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան։ Մասնավորապես, Բաքվի մեկնաբանությամբ Հայաստանի մայր օրենքում առկա հղումը 1990 թվականին ընդունված Հռչակագիրն Ադրբեջանից տարածքային պահանջներ է ենթադրում: Ալիևը նշել է, որ Հայաստանի Սահմանադրության տեքստում առկա տարածքային պահանջներն Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտն են։
Չնայած վերոնշյալին՝ Գալյանը շեշտել է, որ գործող Սահմանադրությունը որևէ խոչընդոտ չի պարունակում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի իրականացման համար։ Նա նշեց, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխության հարցը բարձրաձայնվել է դեռևս հեղափոխությունից հետո։
Արդարադատության նախարարը, խոսելով գործընթացին մասին, հայտնեց, որ այն փակ կամ գաղտնի պահելու որևէ խնդիր չունեն։ Երբ հանձնաժողովը վերսկսի իր աշխատանքը, պարբերաբար կլուսաբանվեն։