
Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Եվրամիության հետ հարաբերություններին
Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին մասնակցել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի ունեցած «Ինչպես նախագծել Եվրոպայի հզորությունը» խորագրով պանելային քննարկմանը։ Նա անդրադարձել է Եվրամիության հետ Հայաստանի հարաբարերությունների կարգավորմանը և նշել այն հաջողությունները, որոնք գրանցվել են վերջին տարիներին։
Իրավական առումով մենք արդեն սկսում ենք Եվրամիությունը մեր երկրին մերձեցնելու գործընթացը։ Մենք ուզում ենք ավելի մոտիկ լինել Եվրամիությանը, քանի որ մեր երկիրը ժողովրդավար է։ Վերջին տարիներին ահռելի փոփոխություններ և բարելավումներ են գրացնվել մեր հարաբերություններում։ Մենք սկսել ենք արդեն բանակցությունները վիզաների ազատականացման շուրջ, որը մեր օրակարգում տարիներ շարունակ է եղել։ Մենք ուզում ենք նաև տնտեսական կապերը զարգացնել Եվրոպական միության հետ, — նշել է Փաշինյանը։
Հանդիպմանը մասնակցում են շուրջ 3 000 առաջնորդներ ավելի քան 130 երկրներից և 350 պետական գործիչներ՝ ներառյալ 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, բոլոր առանցքային տարածաշրջաններից:
Դավոսում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Դեռևս հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյան — Իհլամ Ալիև հանդիպումներ լինելու են, թե ոչ։ Րոպեներ առաջ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հանդիպումից։
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 20-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը կտևի մինչև հունվարի 24-ը։ Այս տարվա համաժողովի խորագիրն է «Համագործակցություն ինտելեկտուալ դարաշրջանում»։