
Հայաստանի ԱԳՆ-ից նշել են, որ Մարգարայի անցակետի մասին զարգացումներ չկան
Մամուլում շրջանառվում էր, որ Մարգարայի անցակետը 2025 թվականի մարտի 1-ից կբացվի։ Նշվում էր նաև, որ այն կհսկեն Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ուժերը։
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան։ Սրա մասին հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ նոր զարգացումներ լինելու պարագայում կտեղեկացնեն։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման։ Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Մարգարայի անցակետը գործելու է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ավելի վաղ ԱԺ-ում անդրադարձել էր Մարգարայի անցակետի հարցին։ Նախագահը նշել էր, որ հայ-թուրքական սահմանին դրա վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ։