ԱշխարհՔաղաքականություն

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Հայաստանի վերաբերյալ նոր բանաձև է ընդունվել

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ստեղծված ճգնաժամային իրավիճակների, խաղաղության հաղթահարում և ամրապնդում» բանաձևը, որում անդամ 54 պետություններ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին խաղաղության գործընթացում:

Բանաձևում ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Երկու երկրներին կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից, որը կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին։

Բանաձևը շեշտել է նաև Հայաստանում տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) կարևորությունը և սահմանամերձ տարածքներում կայունության գործում վերջինիս ներդրումը։

Առանձին կետով քննարկվել է նաև Արցախից 120 հազար փախստականներին մշտական մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ռազմագերիների, կալանավորված և անհետ կորած անձանց խնդիրները լուծելու անհրաժեշտությունը։

ՖՄԿ-ն վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ մտահոգությունը և Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացման հարցում անդամ երկրների աջակցությունը։

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին Ֆրանսիայի Վիլերս-Կոտերեց քաղաքում: