
Հայաստանը կմիանա «Սևծովյան ավազանի Interreg NEXT» ծրագրին
Հայաստանի, Ռումինիայի և Եվրոպական հանձնաժողովի միջև 2024 թվականի հունիսի 28-ին, ապրիլի 16-ին և ապրիլի 9-ին ստորագրվել է «Սևծովյան ավազանի Interreg Next» 2021-2027 թվականների դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը։ Ծրագրի նպատակն է խթանել համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության, տարածքային զարգացման, հետազոտությունների իրականացման և նորարարական տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման ուղղություններով: Ընդհանուր բյուջեն կազմում է 72,275,137 եվրո, որի 90%-ը՝ 65․047․623 եվրոն վճարելու է ԵՄ-ն, մնացած 10%-ը՝ մասնակից երկրները։ Այս առումով ՀՀ մասնակցությունն իրականացվելու է բնաիրային հատկացումների տեսքով։ Սա նշանակում է, որ Հայաստանը վճարելու է միայն ազգային համակարգման և կառավարման գործում ընդգրկված պետական մարմինների աշխատակիցների աշխատավարձը:
Ծրագիրն ունի շրջանակային բնույթ, առանձին ֆինանսավորման համաձայնագրեր են կնքվելու Սևծովյան տարածաշրջանի շահառու երկրների հետ (Հայաստան, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Թուրքիա, Ուկրաինա և Մոլդովա), իսկ դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են տարածաշրջանի երկրների մասնակցությամբ համատեղ նախագծերի ֆինանսավորմանը։
Ըստ այդմ՝ նախատեսվում է.
1. Հետազոտական և նորարարական կարողությունների զարգացում և ընդլայնում, առաջադեմ տեխնոլոգիաների կիրառում,
2. Կլիմայի փոփոխության հարմարվողականությանը, աղետների ռիսկերի կանխարգելմանը և էկոհամակարգի պահպանմանն ուղղված մոտեցումների կիրառում,
3. Բնության, կենսաբազմազանության և կանաչ ենթակառուցվածքների պաշտպանության և պահպանման ուժեղացում՝ այդ թվում նաև քաղաքային տարածքներում, աղտոտվածության բոլոր տեսակների նվազեցում:
Ծրագրի շահառու կարող են լինել պետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնադրամները, հասարակական կազմակերպությունները, առևտրային պալատները, ակադեմիական և կրթական հաստատությունները, մշակութային և հնագիտական ասոցիացիաները:
Ծրագիրը համակարգում է Ռումինիայի զարգացման, հանրային աշխատանքների և կառավարման նախարարությունը, որը նաև պատասխանատու է ֆինանսավորման բաշխման համար։