
Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում են ունեցել
Այսօր՝ փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում։ Այն իրականացվել է երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումների շրջանակներում։ Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում Կողմերը քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Հանդիպման մասին այլ մանրամասներ հայտնի չեն։
Հանձնաժողովների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 16-ին։ Համաձայնություն էր ձեռք բերվել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հստակեցումը Իրանի հետ սահմանին։
Գրիգորյան-Մուստաֆաև առաջին հանդիպումը կայացել է Երասխի ուղղությամբ Նախիջևանի սահմանին 2022 թվականի մայիսին։ 2024 թվականի ապրիլին արդեն Հայաստանի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանը հստակցվել է և տեղադրվել են քարեր: