Ադրբեջանի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը
Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով հերթական դատական նիստը։ Վարդանյանի պաշտպանը բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել։ Հիմքերի բացակայության պատճառով միջնորդությունը թողել են առանց քննության։
Նիստն սկսելուց առաջ Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբան Աբրահամ Բերմանը խնդրել են, որ իրենք առանձին հանդիպում ունենան: Դատարանը բավարարել է առաջարկը։
2024 թվականի հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը: Նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք մեղադրյալների թվում են։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։
Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 16 հոդվածով։ Նա հունվարի 16-ին հայտարարել էր, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։
