
Կոռուպցիոն սկանդալ Գյումրիում. համայնքի ղեկավարը ու գլխավոր ճարտարապետը ձերբակալվել են
Գյումրիում ձերբակալվել է 8 անձ՝ խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուժային կառույցները առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան՝ համայնքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու նպատակով, սակայն նա մեկուսացել էր իր առանձնասենյակում։
Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկություններով՝ Գյումրու համայնքի ղեկավարն ու գլխավոր ճարտարապետը նախնական համաձայնությամբ պահանջել և ստացել են կաշառք։ Նշվում է, որ նրանք տեղեկացել են, որ քաղաքացին Գարեգին Նժդեհի փողոցի 1/9 հասցեում կառուցել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա էր քանդման։ Փաստացի համաձայնության գալով՝ պաշտոնյաները խոստացել են չձեռնարկել քանդման միջոցներ և կազմել կեղծ փաստաթղթեր շինության օրինականացման վերաբերյալ՝ պահանջելով 4 մլն դրամ կաշառք։
Կոմիտեի տվյալներով՝ գլխավոր ճարտարապետը մի քանի անգամ հանդիպել է քաղաքացին հետ՝ քննարկելու շինության օրինականացման մանրամասներն ու կաշառքի փուլային փոխանցման ձևը։
Բացի այդ, պաշտոնյաները նպատակային կերպով հավաքել են տեղեկություններ Գյումրու ավագանու «ոչ ցանկալի» անդամների մասին՝ շանտաժի միջոցով նրանց վերահսկելի դարձնելու համար։ Համայնքի ղեկավարը նաև նախաձեռնել է պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործընթաց՝ իր օգտագործած հողամասը այլ անձի անվամբ սեփականաշնորհելու և մերձավոր ազգականին պատկանող շինությունը օրինականացնելու նպատակով։
Կոմիտեի տվյալներով՝ գլխավոր ճարտարապետը ևս 6 դեպքով ապօրինի գործողություններ է կատարել և տարբեր չափերի կաշառքներ ստացել քաղաքացիներից։
Օպերատիվ-հետախուզական գործողությունները շարունակվում են՝ կոռուպցիոն սխեմայի ամբողջ կառուցվածքն ու մեխանիզմները բացահայտելու նպատակով։ Նախնական տվյալներով, քաղաքացին «Ֆաբրիկա» խանութների ցանցի սեփականատեր, գործարար Սևակ Գոմցյանն է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ Գյումրին ղեկավարում է «մի կլան», որի ղեկավարը «հանրային դաշտից դուրս շպրտելու անհրաժեշտություն» ունի։ Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքել էր վարչապետի հայտարարությանը՝ նշելով, որ նման ձևակերպումը ենթադրում է կյանքից զրկում։