ԱրցախՔաղաքականություն

Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է

Հացադուլի պատճառով Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է դատական նիստի ժամանակ: Ընդմիջում է հայտարարվել և բժիշկ է հրավիրվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ընդմիջումից հետո դատարանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ցուցմունք տալ, սակայն Վարդանյանը հրաժարվել է։ Դատախազները Ռուբեն Վարդանյանին հարցեր են տվել Արցախի հետ կապված իր գործունեության, «Ավրորա» հիմնադրամի, Հայաստանի քաղաքացիություն ընդունելու պատճառների և հակամարտության հետ կապված բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: Միաժամանակ հարցեր են հնչել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյան Միքայելիի, Զորի Բալայանի և այլոց հետ Վարդանյանի կապերի մասին: Դատախազների ոչ մի հարցին Ռուբեն Վարդանյանը չի պատասխանել:

Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ ի նշան իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա Վարդանյանի երկրորդ հացադուլն է։ Նախորդ անգամ նա հացադուլ էր հայտարարել 2024 թվականի ապրիլին։

Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 4-ին։

Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի դեմ ահաբեկչության ֆինանսավորման, պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, իրագործելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու, մարդկանց տեղահանելու համար։

Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «Նեմեսիս 2» կազմակերպելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին հետաձգվել էր Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների դատը, եղանակի պատճառով: