ՀայաստանՔաղաքականություն

Գավառի նախկին ղեկավարը և ավագանու անդամները մեղադրվում են հափշտակության մեջ

Գավառ համայնքի նախկին ղեկավարի կողմից մի խումբ անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ավարտվել է։ Մեղադրանք է առաջադրվել 11 հոգու։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Պարզվել է, որ Գավառ համայնքի նախկին ղեկավարը ավագանու 8 անդամների և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ համայնքին պատկանող ավելի քան 29 մլն դրամ արժողության բազմաբնակարան շենքը վաճառել է շուկայականից էական ցածր գնով՝ 1 մլն 644 հզր դրամով։

Արդյունքում՝ 2007 թվականի նոյեմբերի 2-ին համայնքի նախկին ղեկավարի հրամանով ձևական աճուրդ է իրականացվել։ Շենքը գնել է նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ս․ Դ․-ի մորեղբոր որդին։

Գավառ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ վստահված գույքը հափշտակելու (Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով), ավագանու 8 անդամի նկատմամբ՝ վստահված գույքը հափշտակելուն օժանդակելու (46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետերով), ընկերության փորձագետի նկատմամբ՝ փաստաթղթեր կեղծելու և վստահված գույքը հափշտակելուն օժանդակելու (457-րդ հոդվածի 1-ին մասով, 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով), իսկ գնորդի նկատմամբ՝ վստահված գույքը հափշտակելուն օժանդակելու, խարդախության և փողերի լվացման համար (46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով):