ԱրցախՔաղաքականություն

Միջազգային կազմակերպությունները արձանագրում են, Ադրբեջանը՝ լռում

Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում մարտի 12-ին տեղի ունեցավ քննարկում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։
Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև, որով դատապարտում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հանդեպ իրականացվող խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը։

2024 թվականի հոկտեմբերին Եվրախորհդարանը ընդունել էր նույնաբովանդակ բանաձև, սակայն դա, ինչպես մնացած շատ այլ բանաձևեր, մնացել էր թղթի վրա՝ որևէ գործնական քայլերի չհանգեցնելով։

Եվրոպական խորհրդարանի փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ընդունել են 23 հայ ռազմագերիների և Արցախի քաղաքական ու ռազմական գործիչների ապօրինի ձերբակալումը։ Այնուամենայնիվ, մարդու իրավունքների պաշտպանները փաստագրել են խոշտանգումների առնվազն 80 հաստատված դեպք, ինչը վկայում է խնդիրների շատ ավելի մեծ ծավալի մասին։

Բանաձևում ընդգծվում է նաև, որ առկա են հավաստի հաղորդումներ, համաձայն որոնց՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները ենթարկվում են հոգեբանական և ֆիզիկական խոշտանգումների։ Բացի այդ, նրանց նկատմամբ իրականացվող դատավարությունները չեն համապատասխանում արդարադատության միջազգային չափանիշներին։

Նշվում է նաև, որ տասնվեց ձերբակալված անձանց նկատմամբ դատավարություններն անցել են առանց պատշաճ թափանցիկության, ինչը խախտում է նրանց իրավունքները։
Եվրախորհրդարանում հատուկ ուշադրությամբ շեշտվում է, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները լուրջ խախտումներ են միջազգային իրավունքի տեսանկյունից և հակասում են Ժնևի կոնվենցիային։

Բանաձևում խստորեն քննադատվում է նաև Ադրբեջանի կառավարության որոշումը՝ փակելու ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները, ինչը խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին։

Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ շեշտելով, որ միջազգային ճնշումը Բաքվի վրա պետք է շարունակական լինի։ Հայկական դիվանագիտական շրջանակներում կարծում են, որ այս բանաձևը ևս մեկ քայլ է դեպի ռազմագերիների վերադարձի գործընթացի ակտիվացում։

Բանաձևը հանձնվել է Եվրոպական խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին և ՄԱԿ-ին։

Սեդա Մարտոյան