ԱրցախՔաղաքականություն

Վարդանյանի դեմ ցուցմունք տվածները հոգեպես անկայուն են և ենթարկվել են ճնշման

Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված 2 հայերը հոգեկան անկայունության խնդիրներ ունեն, նրանցից մեկը նաև ալկոհոլիկ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Նշենք, որ օրեր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք են տվել ազգությամբ հայ Մուշեղ Գրիգորյանն ու Կամո Հայրապետյանը։ Կամո Հայրապետյանը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանի Արցախ գալուց հետո ականապատման աշխատանքները Ստեփանակերտի տարածքում մեծ ծավալների են հասել։ Սակայն Կամո Հայրապետյանի ընտանիքի անդամները հայտարարել էին, որ նրան հավանաբար ստիպել են ցուցմունք տալ Ռուբեն Վարդանյանի դեմ։

Նրանց ելույթներին էր անդրադարձել նաև Ռուբեն Վարդանյանը՝ մարտի 12-ի նոր ուղերձի մեջ։

2025 թվականի մարտի 11-ին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ ադրբեջանցի «տուժողները» նույնպես Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունքներ են տվել:

Նշենք, որ այս պահին Արցախում մոտ մեկ տասնյակ հայ կա: Այնտեղ ապրող ընդամենը մեկ-երկու հոգի է հարազատների հետ կոնտակտ պահում, մյուսները կա՛մ հարազատներ չունեն, կա՛մ շփումներ չունեն, կա՛մ էլ խնդիրներ ունեն առողջության հետ կապված: