
Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում, բայց Փաշինյանը պատրաստ է այն ստորագրել
Հայաստանի արտգործնախարարությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի մանրամասները հրապարակային չի դարձնում՝ փոխարենը առաջարկելով լսել Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում։
Համաձայնագրի ամբողջական տեքստը պահանջվել է ԱԳՆ-ից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիման վրա։ ԱԳՆ-ն չի տրամադրել այն, ինչպես նաև չի ներկայացրել մերժման որևէ հիմնավորում։
Բացի այդ՝ վարչապետ Փաշինյանը այսօր գրառում է կատարել՝ նշելով․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»։
Վարչապետը մարտի 19-ին նշել էր նաև, որ պատրաստ է իր ստորագրությունը թողնել այդ փաստաթղթի ներքո։ Հարց է առաջանում․ ժողովրդավարական արժեքներ կրող ղեկավարությունը ինչո՞ւ հրապարակային չի դարձնում պայմանագրի մանրամասները և ինչպե՞ս է հնարավոր պայմանագիր ստորագրել՝ առանց հաշվի նստելու ժողովրդի կարծիքի հետ։ Հարկ է նշել նաև, որ ադրբեջանական կողմի համար խաղաղության պայմանագրի գլխավոր խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն էր, որի նոր տեքստի մշակման վրա այժմ աշխատանքներ են տարվում։ Սակայն, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ դա չի բխում խաղաղության պայմանագրից։