
Հայաստանում մասնավոր անձը 3 թիկնապահից ավելի չի կարող ունենալ
Մարտի 25-ին Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Ըստ առաջարկվող նախագծի՝ մասնավորը անձը 3 թիկնապահից ավելի չի կարող ունենալ։ Բացի այդ, նրանք բոլորը պետք է գտնվեն տվյալ անձի հետ միևնույն մեքենայում, այլ ոչ թե հավելյալ ուղեկցող մեքենաներում։ Նախագծի հիմնական նպատակն է բարձրացնել մասնավոր պահնորդական կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը, վերահսկելիությունը և սահմանել հստակ գործիքակազմ՝ պետական վերահսկողության արդյունավետ իրականացման համար։
Ունենք գրանցված շուրջ 200 պահնորդական կազմակերպություն, սակայն դրանցից միայն 20-30-ն են իրականում գործունեություն ծավալում։ Մնացածի վերաբերյալ հարցեր են առաջանում՝ հատկապես ինչ նպատակներով են դրանք գրանցվել։ Տպավորություն է, որ որոշ կազմակերպություններ ստեղծվում են զուտ անձնական շահերի սպասարկման համար, օրինակ՝ պահնորդ գրանցելու և նրան զենք տրամադրելու նպատակով, — նշել է Ներքին գործերի նախարարի տեղական Արմեն Մկրտչյանը։
Նշվում է նաև, որ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար պետք է ստեծղվի հաշվառման էլեկտրոնային գրանցամատյան՝ անհրաժեշտ վիճակագրություն ստանալու և վերլուծություններ անելու համար։
Փոխոխություններ են նախատեսվում իրականացնել նաև նման գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման գործընթացում՝ մասնավորապես լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու պահին կազմակերպությունը պետք է ունենա որակավորում ունեցող առնվազն 10 աշխատողի, պահնորդի և/կամ թիկնապահի հետ կնքված աշխատանքային պայմանագիր:
Օրենքը ընդունվել է 2012 թվականին և մինչ այժմ չի ենթարկվել փոփոխությունների և այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։