ՀայաստանՔաղաքականություն

Ե՞րբ Թուրքիան կբացի սահմանը Հայաստանի հետ․ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մանրամասնել է

Բրազիլիա կատարած այցի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Correio Braziliense» պարբերականին՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցություններին, ինչպես նաև տարածաշրջանային այլ կարևոր հարցերի։

Նախարարը նշել է, որ թեև հայ-թուրքական երկխոսության ընթացքում կողմերը չեն առաջադրել պաշտոնական նախապայմաններ, Թուրքիան փաստացիորեն Հայաստանի հետ հարաբերությունները կապում է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի հետ։ Միրզոյանի խոսքով՝ Երևանի առաջնային նպատակն է սահմանների բացումը, որը 34 տարի փակ է մնացել Թուրքիայի որոշմամբ։

Խոսելով բանակցությունների ընթացքի մասին՝ նա ընդգծել է որոշակի առաջընթաց։ Արդեն հանվել է օդային բեռնափոխադրումների արգելքը, իրականացվում են ուղիղ չվերթներ, իսկ ձեռք բերված համաձայնությամբ՝ առաջին փուլում նախատեսվում է սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող հայ և թուրք քաղաքացիների համար։ Սակայն այս պայմանավորվածությունը դեռևս ուժի մեջ չի մտել։

Միրզոյանն ընդգծել է, որ Թուրքիայի պահվածքը շարունակում է պայմանավորված մնալ Բաքվի հետ զարգացումներից։ Նրա խոսքով՝ եթե հայ-թուրքական սահմանը բացվեր, դա կարող էր նպաստել նաև հայ-ադրբեջանական բանակցությունների դրական զարգացմանը։

Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ենթակառուցվածքային աշխատանքներին։ Կոնկրետ նախագծերից առանձնացրել է Գյումրի-Կարս երկաթուղու ուսումնասիրությունը, որը հայ և թուրք փորձագետներն արդեն սկսել են։

Հարավային Կովկասում կայունության հարցում Միրզոյանը կարևորել է հումանիտար խնդիրների լուծումը։ Նա շեշտել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը կարող է դրական ազդել տարածաշրջանի խաղաղության վրա։

Բրազիլիայի հետ երկկողմ հարաբերությունների մասով Միրզոյանը նշել է, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը զարգանում է, ինչպես նաև նկատվում է տնտեսական կապերի աճ։ Կողմերը պայմանավորվել են խթանել գործարար համագործակցությունն ու խորացնել կապերը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։