
Գյումրիի ընտրակաշառքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերով քրեական գործ է հարուցվել։ Քրեական պատասխանատվության են ենթարկվել 8 անձ, այդ թվում՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու նրանց համակիրներ։
Նախաքննության շրջանակում խուզարկություններ են իրականացվել երկու կուսակցությունների գրասենյակներում և մի քանի անձանց բնակարաններում։ Հայտնաբերվել են ընտրական գործընթացին առնչվող փաստաթղթեր, այդ թվում՝ քաղաքացիների անձնագրային տվյալներ պարունակող ցուցակներ։
Ձերբակալվածներից 3-ը խոստովանել են իրենց արարքները և համագործակցում են իրավապահների հետ։ Նրանցից 2-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, իսկ մնացած 6-ի համար վարչական հսկողության միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին կայանալիք Գյումրիի ավագանու ընտրություններին ընդառաջ մարտի 27-ին զանգվածային խուզարկություններ են իրականացրել ընդդիմադիր ուժերից երկուսի՝ «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների գրասենյակներում։ Գյումրիի համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանը և որդին տնից բերման են ենթարկվել:
Բացի այդ՝ տեղեկություններ են տարածվել նաև, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Ձերբակալել է նաև Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանը։