ՀայաստանՔաղաքականություն

ՏԻՄ ընտրություններ Գյումրիում ու Փարաքարում․ ովքեր հաղթեցին

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիի և Փարաքարի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։

Գյումրիում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 109 458, քվեարկությանը մասնակցել է 46 680 քաղաքացի։ Ընտրություններին մասնակցել է վեց կուսակցություն և երեք դաշինք։ 82 ընտրատեղամասերից 81-ի տվյալներով ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

— «Քաղաքացիական պայմանագիր» – 16 938 (թեկնածու՝ Սարիկ Մինասյան)
— Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 9 537 (թեկնածու՝ Վարդան Ղուկասյան)
— «Մեր քաղաքը» դաշինք – 7 296 (թեկնածու՝ Մարտուն Գրիգորյան)
— «Իմ հզոր համայնք» կուսակցություն – 3 659 (թեկնածու՝ Ռուբեն Մխիթարյան)
— «Մայր Հայաստան» դաշինք – 2 844 (թեկնածու՝ Կարեն Սիմոնյան)
— «Եվրալյանս» դաշինք – 2 071 (թեկնածու՝ Լևոն Բարսեղյան)
— «Ապրելու երկիր» կուսակցություն – 1 658 (թեկնածու՝ Կարեն Մալխասյան)
— «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցություն – 1 387 (թեկնածու՝ Արտյոմ Ղարաղազարյան)
— Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 642 (թեկնածու՝ Արտյոմ Թումանյան)

Ընտրական շեմը կուսակցությունների համար 4% է, դաշինքների համար՝ 6%։ Նախնական բաշխումների արդյունքում ՔՊ-ն Գյումրիի ավագանում կունենա 14 մանդատ, ՀԿԿ-ն՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» դաշինքը՝ 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3 մանդատ, իսկ «Մայր Հայաստան» դաշինքը՝ 2 մանդատ։

Փարաքարում ընտրելու իրավունք ուներ 20 967 քաղաքացի, որից քվեարկել է 11 528-ը։ Անվավեր է ճանաչվել 23 քվեաթերթիկ։ Նախնական արդյունքներով ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

— «Միասնություն» դաշինք – 6 508 (թեկնածու՝ Վոլոդյա Գրիգորյան)
— «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 3 669 (թեկնածու՝ Լյուդվիգ Գյուլնազարյան)
— «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 900 (թեկնածու՝ Դավիթ Մինասյան)
— «Կայունություն» կուսակցություն – 426 (թեկնածու՝ Գոռ Սարիբեկյան)

Մարտի 30-ին անցկացված ընտրություններին մասնակցել է 58 978 ընտրող՝ կազմելով 44.61%։ Ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը երկու համայնքում եղել է 132 203։

ՏԻՄ ընտրությունների արդյունքում կարող ենք փաստել, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Փարաքարում մեծամասնություն չի կազմի, իսկ Գյումրիում, եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, ապա այնտեղ ևս քաղաքապետի պաշտոնը չի զբաղեցնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն։

«Մայր Հայաստան» դաշինքը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունն արդեն հայտարարել են, որ պատրաստ են միանալ ամենաշատ ձայն հավաքած ընդդիմադիր ուժին՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը։