
Բաքվում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի հերթական դատավարությունը
Ապրիլի 1-ին Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը շարունակվել է։
Դատավարության մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից, որոնք գրում են, որ դատաքննության ընթացքում դատարանը հարցաքննել է գործով տուժած անձանց։
Հարցաքննվել են 20-ից ավելի տուժողներ։ Նրանք ասել են, որ Ռուբեն Վարդանյանին անձամբ չեն ճանաչում և գիտեն միայն լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի միջոցով։
Նրանք նաև նշել են, թե իբր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, ականանետերի պայթյուններից, երբ զինվորական ծառայության մեջ են եղել։
Բաքվի դատավարություններին մասնակցում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները, ինչը սահմանափակոմ է դատավարության բազմակողմանի լուսաբանումը։ Դատաքննությունները անցկացվում են դռնփակ՝ առանց միջազգային լրատվամիջոցների և անկախ դիտրորդների մասնակցության։
Բազմաթիվ անգամներ միջազգային կառույցները դատապարտել են Բաքվում տեղի ունեցող դատավարությունները՝ նշելով, որ դրանք ունեն քաղաքական դրդապատճառներ և չեն համապատասխանում արդարադատության սկզբունքներին։ Սակայն դեռևս գործնական քայլեր չեն իրականացվում Ադրբեջանի ապօրինի դատավարությունները կասեցնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 8-ին։