
Երբ խաչը դառնում է թիրախ. հայկական հետքը ջնջելու Ադրբեջանի հերթական փորձը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքել է Հռոմում Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական միջոցառմանը։ Եկեղեցին ափսոսանք է հայտնել, որ թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում։
Մայր Աթոռը նշել է, որ միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է արվել ժխտելու Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։
Այս ամենը տեղի է ունենում, երբ տակավին միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականներ չեն տրվել Ադրբեջանի իրականացրած ցեղասպան գործողություններին, Արցախից բռնի տեղահանված ողջ հայության հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անօրինական ու նվաստացուցիչ գործողություններին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման և հայկական հետքերի իսպառ ոչնչացման դեպքերին, — նշված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տարածած հայտարարության մեջ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջեկեղեցական հաղորդակցության ընկալյալ շրջանակներում նախաձեռնելու է անհրաժեշտ քայլեր։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն տարբեր երկների մասնակցությամբ միջազգային գիտաժողով էր կազմակերպել՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» խորագրով։