ՀայաստանՔաղաքականություն

Խաղաղության խոստումներ հին նախապայմանների ստվերում․ Հաաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով պանելային քննարկման ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։

Քննարկման ընթացքում Բայրամովը կրկին շեշտեց Բաքվի հիմնական նախապայմանները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին՝ նշելով, որ դրանց իրականացումից հետո լրացուցիչ խոչընդոտներ խաղաղության համար չեն լինի։

Իր հերթին Արարատ Միրզոյանը նշեց, որ չի կարծում, թե «անցյալը շատ խորը փոորելը օգտակար կլինի»։ Նա ընդգծեց, որ Հայաստանի նպատակը տևական խաղաղության հաստատումն է, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Միրզոյանը հավելեց որ համաձայնագիրը կարող է չլուծել բոլոր հարցերը, սակայն կարող է հիմք դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

ՀՀ արտաքին գործերի նախարարը նաև նշեց, որ Հայաստանը պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթացի մեկնարկին գնալ այն ժամանակ, երբ հակամարտությունը համարվի ավարտված։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների պահանջին՝ Միրզոյանը հիշեցրեց ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մասին, ըստ որի՝ Հայաստանի պարտավորությունները պետական սահմանի սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովների գործունեության շրջանակում համապատասխանում են Սահմանադրությանը։

Տարածաշրջանային հաղորդակցությունների թեմայով Միրզոյանը տեղեկացրեց, որ Հայաստանը ներկայացրել է իր առաջարկները, սակայն մինչ օրս պաշտոնական պատասխան չի ստացել Ադրբեջանից։ Իր հերթին Բայրամովը հղում արեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ընդգծելով, որ հաղորդակցությունների բացման հարցը Նախիջևանի հետ շարունակում է մնալ օրակարգում։

Ադրբեջանի կողմից առաջ քաշված նախապայմանները ցույց են տալիս, որ Բաքուն ոչ միայն փորձում է խաղաղություն հաստատել, այլև՝ Հայաստանի ներքին քաղաքական օրակարգը վերահսկել։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների խոսքերից երևում է, որ խաղաղության գործընթացը բախվում է խորքային հակասությունների․ Ադրբեջանը շարունակում է առաջադրել խիստ նախապայմաններ, Հայաստանը փորձում է արդարանալ և զիջումների գնալ՝ մի կողմ դնելով անցյալը։