ՀայաստանՔաղաքականություն

Խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ հանձնաժողով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ հանձնաժողով, որը վերահսկելու է պայմանագրի կատարման ընթացքը։ Այս մասին թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը։ Արտգործնախարարի խոսքով՝ այս մեխանիզմը հնարավորություն կտա կողմերին անդրադառնալ նաև գործընթացում ի հայտ եկող բարդություններին ու անհարթություններին։

Միրզոյանը նշել է, որ պայմանագրի տեքստի շուրջ համաձայնություն արդեն ձեռք է բերվել, և այն լիովին պատրաստ է ստորագրման։ Նա նաև որոշակի փակագծեր է բացել պայմանագրի ստորագրման վայրի հետ կապված։ Ըստ Միրզոյանի՝ «կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, բացի այդ, մի քանի այլ մայրաքաղաքներ ել են առաջարկել իրենց ծառայությունները»։

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է սկսել ստարոգրել պայմանագիրը, սակայն Ադրբեջանը շարունակում է հավելյալ նախապայմաններ առաջադրել, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և ՀՀ Սահմանադրության որոշ դրույթների փոփոխությունը։

Անդրադառնալով Սահմանադրության հարցին՝ նախարարը պարզաբանել է, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում առկա հղումը Անկախության հռչակագրին չի կարող ընկալվել որպես տարածքային հավակնություն։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրում ամրագրված է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող սահմաններով։

Միրզոյանը նաև հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը արդեն մեկ անգամ դրական եզրակացություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգի վերաբերյալ փաստաթղթին, որը ևս հիմնված էր Ալմա-Աթայի հռչակագրի վրա։

Նա նաև շեշտել է, որ Հայաստանը չունի մտադրություն բարձրացնել Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված մտահոգությունները, չնայած այնտեղ նույնպես առկա են տարածքային ընդգրկման հետ կապված տարակարծություններ։

Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը չի պատրաստվում անընդհատ խոսել Ադրբեջանի սահմանադրութան փոփոխությունների մասին։ Բացի այդ, Հայաստանը արդեն հասարակությանը պատրաստում է Սահմանադրության նոր փոփոխություններին, որը կլինի առանց «Անկախության հռչակագրի»։