
Վարազդատ Մինոսյանը Աբխազիայի փոխվարչապետ է նշանակվել
Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնցով նշանակումներ են կատարվել կառավարության կազմում։ Մասնավորապես, Աբխազիայի փոխվարչապետ է նշանակվել հայ գործարար Վարազդատ Մինոսյանը։ Վերջինս մինչ այդ Աբխազիայի Հանրային պալատի անդամ է եղել։
Ըստ նախագահի մամուլի ծառայության՝ այժմ Աբխազիան կունենա հինգ փոխվարչապետ՝ Վարազդատ Մինոսյան, Ջանսուխ Նանբա, Տարաշ Հագբա, Ռոբերտ Կիֆուտ և ևս մեկ պաշտոնյա։ Նշվում է, որ Ռոբերտ Կիֆուտը կշարունակի նաև զբաղեցնել ներքին գործերի նախարարի պաշտոնը։
Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է Օլեգ Բարցիցը, ով մինչ այդ եղել է Աբխազիայի առևտրային ներկայացուցիչը Ռուսաստանում։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ էր տարել Բադրա Գունբան՝ հավաքելով քվեարկության մասնակիցների 54.73 տոկոսը։
Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան հրաժարական էր տվել՝ հանրապետականների և ընդդիմության միջև նոյեմբերի 18-ին սկսված բանակցություններից հետո։ Մինչ այդ Աբխազիայում ցույցեր էին տեղի ունենում՝ նրա հրաժարականի պահանջով։