Իսրայելը պաշտոնապես հայտարարել է Նասրալլահի մահվան մասին
Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի մահվան մասին լուրը։ Հաղորդվում է նաև, որ հարձակումների արդյունքում մահացել են խմբավորման այլ հրամանատարներ։ X-ի միկրոբլոգում նախարարությունը նշել էր, որ սեպտեմբերի 27-ի ճշգրիտ օդային հարվածը հասել է իր նպատակին․
Հասան Նասրալլահը այլևս չի կարողանա ահաբեկել աշխարհը։ Մենք կշարունակենք պայքարը այնքան, քանի դեռ մեր քաղաքացիները անվտանգ չեն վերադարձել տուն, — կարդում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Սակայն «Հըզբոլլահ»-ը և լիբանանյան լրատվամիջոցները դեռ չեն հաստատել Նասրալլահի մահվան մասին լուրերը։ Reuters-ը գրել է, որ Նասրալլահը ողջ է` վկայակոչելով իր անանուն աղբյուրին: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից վերահսկվող «Tasnim» լրատվական գործակալությունը նույնպես հայտնել է, որ առաջնորդը ողջ է։
Սեպտեմբերի 27-ի երեկոյան Իսրայելը հողին է հավասարեցրել Բեյրութի հարավային արվարձանների մի շարք շենքեր՝ դրանք որակելով որպես «Հըզբոլլահի» կենտրոնական կառույցներ։ Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակ Դանիել Հագարին հայտարարել էր, որ «Հըզբոլլահ»-ը իր կենտրոնական շտաբը միտումնավոր կառուցել է բնակելի շենքերի տակ, որպեսզի ժողովրդին կենդանի վահան օգտագործի։ Իսրայելի տարածած տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է շուրջ 300 մարդ, լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են 76 վիրավորների և 2 զոհվածների մասին։