ՀայաստանՔաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին չի ընդունել ցեղասպանության փաստը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին չի ընդունել ցեղասպանության փաստը։ Ապրիլի 24-ի առիթով նա ցավակցական ուղերձ է հղել Պոլսո հայոց պատրիարքարանին և հայ համայնքին։ Ուղերձը հրապարակվել է Սուրբ Վարդանանց եկեղեցում՝ նահատակների հիշատակի արարողության ժամանակ։ Այն ընթերցել է պատրիարքական տեղապահ Հայր Գրիգոր Դամադյանը։

Էրդողանը նշել է, թե հարգում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված օսմանյան հայերի հիշատակը և ցավակցում նրանց ժառանգներին։ Նա, սակայն, կրկին չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ անդրադառնալով միայն «դաժանություններին», ապստամբություններին և համաճարակներին։ Թուրքիայի նախագահը ընդգծել է, թե անցյալի հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան ու ապագան, և անհրաժեշտ է միասին կառուցել խաղաղության վրա հիմնված ապագա։

Էրդողանը 2012-ից սկսած ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս նմանատիպ հայտարարությամբ՝ այդուհանդերձ շրջանցելով Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության ճանաչումը։

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրների շարքում են Ուրուգվայը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն և բազմաթիվ այլ պետություններ։ 1915 թվականի ոճրագործության հետևանքով Օսմանյան կայսրությունում սպանվել է ավելի քան 1.5 միլիոն հայ։