ՀայաստանՔաղաքականություն

Հնդկաստան–Պակիստան լարվածությունն ու ազդեցությունը

Քաշմիրում տեղի ունեցած վերջին հարձակումից հետո Հնդկաստան–Պակիստան հարաբերությունները կրկին սրվեցին՝ առաջացնելով քաղաքական, դիվանագիտական և տարածաշրջանային նոր հակասություններ։ Չնայած հակամարտությունը տեղի է ունենում Հարավային Ասիայում, այն ունի ավելի լայն ազդեցություն՝ ներառյալ Կովկասյան տարածաշրջանը և Հայաստանը։

Հայաստանի և Հնդկաստանի միջև վերջին տարիներին նկատվում է հարաբերությունների ակտիվացում՝ հատկապես ռազմատեխնիկական ոլորտում։ Հնդկաստանը դարձավ Հայաստանի համար զենքի խոշոր մատակարարներից մեկը, իսկ քաղաքական մակարդակում կողմերը համագործակցում են բազմակողմ հարթակներում։

Այս ֆոնին Պակիստանի նկատմամբ Հնդկաստանի կոշտ կեցվածքը կարող է խթանել Նյու Դելիի հետաքրքրությունը՝ Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու հարցում՝ դիտարկելով Երևանը որպես ռազմավարական գործընկեր Ադրբեջան–Թուրքիա առանցքի հավասարակշռման տեսանկյունից։

Հայաստանը ճանաչում է Պակիստանին, սակայն Պակիստանը միակ պետությունն է, որ չի ճանաչում Հայաստանն ու չի ընդունում նաև Հայոց ցեղասպանությունը։ Պակիստանը նաև զենք է տրամադրում Թուրքիային։ Պետք է նշել, որ Հայաստանը Քաշմիրի վիճելի երկրամասը համարում է Հնդկաստանի անբաժանելի մաս։ Պակիստանը կարող է ակտիվացնել իր աջակցությունը Բաքվին՝ հատկապես ռազմական և քարոզչական մակարդակներում։ Հնդկաստան–Հայաստան կապերի սերտացումը կարող է դրդել Պակիստանին հակազդել՝ ամրապնդելով եռակողմ՝ Պակիստան–Ադրբեջան–Թուրքիա համագործակցությունը։

Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրումը կարող է ազդել նաև տարածաշրջանային փոխադրումների և առևտրի ուղղությունների վրա։ Պակիստանով դեպի Կենտրոնական Ասիա և Եվրոպա երթուղիները կարող են բարդանալ՝ մղելով Հնդկաստանին ավելի ակտիվ օգտագործել Հնդկաստան–Իրան–Հայաստան ուղին։ Հայաստանը կարող է ստանալ լոգիստիկ նոր դեր՝ որպես կապող օղակ՝ Հնդկաստանից դեպի ԵԱՏՄ, Ռուսաստան և Արևելյան Եվրոպա։ Սա, սակայն, պահանջում է լուրջ ներդրումներ ենթակառուցվածքներում և դիվանագիտական հստակություն՝ տարածաշրջանային դերակատարների հետ հարաբերություններում։