
Հակակոռուպցիոն կոմիտեն այս անգամ քրեական դատարանում էր, թիրախում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին քիչ առաջ բերման են ենթարկել։ Այդ պահին նա նախագահում էր 44-օրյա պատերազմի վերաբերյալ գործերից մեկը։
Նիստի ընթացքում հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը հայտնել է, թե կարևոր հեռախոսազանգ ունի և խնդրել է 10 րոպե ընդմիջում։ Սակայն ընդմիջումը վերածվել է անորոշ դադարի։ Դատարանի միջանցքում աղմուկ և իրարանցում է սկսվել, իսկ նիստերի քարտուղարը հայտարարել է՝ դատական նիստը հետաձգվում է անորոշ ժամկետով։
Նիստին ներկա զոհված զինծառայողների ծնողները՝ որպես գործով տուժողներ, ասել են, որ տեսել են՝ ինչպես են Արտուշ Գաբրիելյանին դուրս բերում դատարանի շենքից։
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ դատարանում քննչական գործողություններ են ընթանում իրենց վարույթում քննվող քրեական գործի շրջանակում, սակայն չեն մանրամասնում՝ արդյոք դատավորին բերման են ենթարկել։
Հավելենք, որ դատավոր Գաբրիելյանը նախկինում վարել է մի շարք բարձրաձայն դատական գործեր, այդ թվում՝ Պեմզաշենի սպանության, «Սասնա Ծռեր» խմբի, Գագիկ Խաչատրյանի, Սամվել Մայրապետյանի և Գևորգ Լոռեցյանի գործերը։
Նշենք, որ դեռ 2023 թվականի հոկտեմբերին ՀՀ դատախազությունը հայց էր ներկայացրել՝ Արտուշ Գաբրիելյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձելու 5 անշարժ գույք, 4 մեքենա, 1 ընկերության բաժնեմաս, 62 միլիոն 811 հազար դրամ և մեկ բնակարանի շուկայական արժեքի չափով գումար։