
Թուրքիան չի բացի օդային տարածքը Նեթանյահուի ինքնաթիռի համար
Թուրքիան հերքել է տարածվող տեղեկությունները այն մասին, թե իբր թույլատրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ինքնաթիռին անցնել իր օդային տարածքով՝ մայիսի 7-ին Ադրբեջան նախատեսվող այցի համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ Նեթանյահուն մայիսի 7-ից 11-ը պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում։ Տարբեր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվում էին տեղեկություններ, թե Թուրքիան Բաքվի խնդրանքով կարող է թույլ տալ Իսրայելի վարչապետի օդանավին օգտվել իր օդային տարածքից։ Սակայն Անկարան պաշտոնապես հերքել է այդ պնդումները։
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջյու Քեչելին հայտնել է, որ Թուրքիան նման հարցում չի ստացել և որևէ պայմանավորվածություն գոյություն չունի։
Բացարձակապես խոսք չկա Թուրքիայի օդային տարածքը բացելու մասին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մայիսի 7-ին Ադրբեջան կատարելիք այցի համար: Թուրքիան փակել է իր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար՝ Իսրայելի կողմից Գազայի դեմ իրականացվող ցեղասպանական քաղաքականության արդյունքում: Թուրքիան շարունակում է պաշտպանել պաղեստինյան ժողովրդի արդարացի պայքարը, – նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին Թուրքիան մերժել էր Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ինքնաթիռին անցնել իր օդային տարածքով՝ Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։