ՀայաստանՔաղաքականություն

5 միլիոն դոլար, օֆշորներ ու «Շանթ»․ փողերի լվացման սցենար՝ դատարանի առաջ

Պարզվում է՝ «Շանթ» հեռուստաընկերության գրեթե կեսը՝ 48 տոկոսը, տարիներ առաջ ձեռք է բերվել փողերի լվացման միջոցով։ Այս պատմությունը հիմա արդեն դատարանում է։

ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել քրեական գործը, որում մեղադրյալ Ա.Մ.-ն Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի և նրա գործընկեր Լ․Ա․-ի հետ կատարել է փողերի լվացում։ Ինչպես նշված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ՝ «նա ձեռք է բերել և օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք՝ թաքցնելով և խեղաթյուրելով այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, իրական բնույթը և ծագման աղբյուրը»։

Քննությամբ պարզվել է, որ 2010-2017 թվականներին նշված անձինք քողարկված եղանակով շրջանառել են իրենց ֆինանսական միջոցները՝ դրանք փոխանցելով ինչպես Միքայել Մինասյանի անձնական հաշվին, այնպես էլ արտերկրում բացված բանկային հաշիվներին։ Այդ միջոցներով նրանք արտերկրում գրանցված կազմակերպությունների միջոցով ձեռք են բերել բաժնեմասեր, բաժնետոմսեր և անշարժ գույք։

Այս սխեմայով 5 միլիոն դոլար է փոխանցվել «Շանթ» ՍՊ ընկերության հիմնադրի և բաժնետիրոջ հաշվեհամարին՝ ընկերության 48 տոկոս բաժնեմասերի ձեռքբերման նպատակով։ Առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 2011 թվականի դեկտեմբերի 27-ին։

Հետագայում՝ 2015 թվականին, Ա.Մ.-ն, իբրև 97 միլիոն 594 հազար դրամով, ձևական գործարքի միջոցով «գնել» է նշված բաժնեմասերը՝ նպատակ ունենալով քողարկել դրանց հանցավոր ծագումը և պաշտպանել Մ.Մ.-ին և Լ.Ա.-ին քրեական պատասխանատվությունից։

2025 թվականի ապրիլի 30-ին դատախազը Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով՝ փողերի լվացման համար։ Նույն թվականի մայիսի 5-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։