ՀայաստանՔաղաքականություն

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին հարցաքննել են Քննչական կոմիտեում

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հոկտեմբերի 21-ի երեկոյան հրավիրվել ու հարցաքննվել է ՀՀ Քննչական կոմիտեում։ Քննչականից հայտնում են, որ հարցաքննությունը իրականացվել է համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին տարածել էին ձայնագրություն, որտեղ Վեհափառի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում մեղադրում էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին։ Ձայնագրությունից պարզ է դառնում, որ վերջինս ստիպել է նրա ընտանիքի անդամներին մասնակցել հանրահավաքին։

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Քննչական կոմիտեում նշել է, որ անօրինական կերպով ձեռք բերված խոսակցության հետ կապված որևէ ասելիք չունի։ Գլխավոր դատախազությունը ևս հայտնել էր, որ ձայնագրությունը կդառնա քննության առարկա։

Հավելենք, որ վերջին ժամանակներում ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու դեմ, ինչի շրջանակում կալանավորվել են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։ Դրան զուգահեռ՝ եկեղեցին իր հերթին կարգալույծ է անում այն հոգևորականներին, ովքեր աջակցել են կառավարությանը և վերջին օրերին հայտարարություններ տարածել եկեղեցու դեմ։